ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում հինգշաբթի օրը կկայանա Հայոց ցեղասպանության սարսափների մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Դիանա Անգելսոնն է, նա նաև նկարահանվել է ֆիլմում` մարմնավորելով ցեղասպանությունից մազապուրծ եղած հղի կնոջը։ Ֆիլմի առանցքային կերպարը փոքրիկ հայ տղան է, որ վերապրելով ցեղասպանության սարսափները՝ կարողանում է փախչել ԱՄՆ ու դառնալ հաջողակ նկարիչ։ ««Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմը պատկերում է սոսկալի իրականությունը, որի միջով ստիպված է եղել անցնել իր հայրենիքից վռնդված հայ ժողովուրդը։ Սակայն, միևնույն ժամանակ, այն հույսի, սիրո ու հավատի հզոր մեսիջ է»,- նշել է Անգելսոնը: Նա մանրամասնել է, որ իրեն պարտավորված էր զգում այս թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ճանաչում է բազմաթիվ հայերի, որոնց նախնիների կրած տառապանքների պատմությունները պատմվելու կարիք ունեն: Ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն ամերիկահայ հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանն է, նա մարմնավորում է Անուշ տատի կերպարը։ «Զգայական առումով այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է»,- ասել է Շաքե Թուխմանյանը: